ավտովարձույթ պայմաններ Հայաստան Երևան կանոններ ճանապարհ բաններ

Ավտոմեքենաների վարձակալության պայմաններ Երևանում — Caravan Rent A Car, Հայաստան
Սույն կանոնները բացատրում են, թե ինչպես է գործում ավտոմեքենաների վարձակալությունը Երևանում, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ է ներառված վարձակալության արժեքի մեջ, ինչպես է գործում ապահովագրությունը, գրավը, ինչպես նաև` ավտոմեքենայի օգտագործման կանոնները Հայաստանի և Վրաստանի տարածքներում։

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն Ավտոմեքենայի վարձակալության կանոններում և պայմաններում Caravan Rent A Car ընկերությունը անվանվում է Վարձատու, իսկ ավտոմեքենայի վարձակալության դիմող անձը՝ Պատվիրատու։
1.2. Ավտոմեքենայի և լրացուցիչ ծառայությունների պատվերները խորհուրդ է տրվում ձևակերպել նախապես։ Ամրագրումներն ընդունվում են՝

  • կայքի միջոցով
  • հեռախոսով
  • էլեկտրոնային փոստով
  • Viber, WhatsApp և այլ մեսենջերների միջոցով
  • Caravan Rent A Car-ի գրասենյակում

1.3. Որպես կանոն, ավտոմեքենայի ամրագրումն իրականացվում է առանց կանխավճարի, սակայն առանձին դեպքերում Վարձատուն իրավունք ունի պահանջել կանխավճար և/կամ լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ամրագրումը հաստատելու համար։
1.4. Ալկոհոլի, թմրանյութի, հոգեմետ կամ ինքնազգացողության և ավտոմեքենա վարելու ունակության վրա վնասակար ներգործող դեղամիջոցների ազդեցության տակ գտնվող անձինք իրավունք չունեն ստորագրելու Վարձակալության պայմանագիրը և վարելու ավտոմեքենան։

2. Ամրագրում․ Պատվիրատուի իրավունքներն ու պարտականությունները

2.1. Պատվիրատուն պարտավոր է պատվերի ձևակերպման ժամանակ տրամադրել ճշգրիտ և արդիական տվյալներ։ Տրամադրված տվյալներում ցանկացած փոփոխության մասին Պատվիրատուն պարտավոր է Վարձատուին տեղեկացնել ոչ ուշ, քան ծառայության մատուցման սկզբնաժամկետից 5 օր առաջ։
2.2. Ավտոմեքենան համարվում է Պատվիրատուի կողմից ամրագրված՝ Վարձատուի հաստատման կամ ավտոմեքենայի ամրագրման մասին ստորագրված պայմանագրի առկայության դեպքում։ Ավտոմեքենան համարվում է վարձակալված՝ երկկողմանի ստորագրված վարձակալության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից։
2.3. Ամրագրված ավտոմեքենայից հրաժարվելու կամ վարձակալության մեկնարկի ամսաթիվը տեղափոխելու դեպքում Պատվիրատուն տուգանք չի վճարում, եթե գրավոր ծանուցել է Վարձատուին վարձակալության մեկնարկից առնվազն 48 ժամ առաջ։ Ավելի ուշ ծանուցման դեպքում գանձվում է տուգանք՝ 1 օրվա վարձակալության արժեքի չափով։
2.4. Եթե Պատվիրատուն չի ներկայանում համաձայնեցված ժամին՝ առանց նախնական նախազգուշացման կամ ամրագրման չեղարկման, գործում է 3 ժամ սպասման քաղաքականություն՝ ավտոմեքենայի համաձայնեցված հանձնման պահից։ Այդ ժամկետի ավարտից հետո ամրագրումը Վարձատուի կողմից ավտոմատ կերպով չեղարկվում է։
2.5. Ավտոմեքենան ընդունելու պահից Պատվիրատուն (կամ մեկ այլ անձ, ով պայմանագրով ստանձնում է ամրագրված ավտոմեքենայի վարձակալության ամբողջական պատասխանատվությունը) համարվում է Վարձակալ, իսկ ավտոմեքենան վարելու իրավունք ունեցող անձինք՝ Վարորդներ։

3. Վարձակալի և Վարորդի նկատմամբ պահանջներ

3.1. Վարձակալության պայմանագիրը ստորագրելու համար Վարձակալը պետք է՝

  • լինի 22-ից 70 տարեկան 
  • ունենա առնվազն 2 տարվա վարորդական փորձ՝ ըստ վարորդական վկայականի

3.2. Ավտոմեքենայի վարձակալության պայմանագրով ամբողջ պատասխանատվությունը կրում է Վարձակալը։

3.3. Եթե Վարձակալը ֆիզիկական անձ է, ապա պայմանագիրը ստորագրելիս՝ նա պարտավոր է ներկայացնել՝

  •  գործող վարորդական վկայական
  •  գործող անձնագիր
  •  օտարերկրյա քաղաքացիները՝ այն անձնագիրը, որով մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն
  •  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անձնագրի փոխարեն կարող են ներկայացնել անձը հաստատող ID քարտ

Բացի այդ, Վարձակալը պարտավոր է տրամադրել գրավ (բանկային քարտի վրա գումարի բլոկավորմամբ կամ կանխիկ վճարմամբ) կամ օգտվել «Ամբողջական ԿԱՍԿՈ՝ զրոյական ֆրանշիզայով» ծառայությունից՝ 8.5 կետով սահմանված կարգով։
3.4. Եթե Վարձակալը իրավաբանական անձ է, ապա պայմանագիրը ստորագրելիս անհրաժեշտ է ներկայացնել՝

  • կազմակերպության կողմից տրված լիազորագիր
  • լիազորված անձի անձնագիր
  • գործող վարորդական վկայական

3.5. Վարձակալված ավտոմեքենայի փոխանցումը ենթավարձակալության արգելվում է։
3.6. Չնայած պայմանագրով պատասխանատվությունը կրում է Վարձակալը, Վարձակալից բացի ցանկացած այլ Վարորդ կարող է վարել ավտոմեքենան միայն Վարձատուի նախնական թույլտվության և վարձակալության պայմանագրում համապատասխան նշման առկայության դեպքում։ Առանց այդպիսի թույլտվության՝ ավտոմեքենայի կառավարման փոխանցումը ցանկացած երրորդ անձի արգելվում է։
3.7. Յուրաքանչյուր լրացուցիչ Վարորդ նույնպես պետք է՝

  • լինի 22-ից 70 տարեկան
  • ունենա առնվազն 2 տարվա վարորդական փորձ՝ ըստ վարորդական վկայականի
  • ներկայացնի գործող վարորդական վկայական և անձնագիր

Յուրաքանչյուր լրացուցիչ Վարորդին վարելու իրավունք տրամադրելու համար գանձվում է հավելավճար։
3.8. Ավտոմեքենան վարելիս Վարորդը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Վարորդը պատասխանատվություն է կրում վարձակալության ժամանակահատվածում առաջացած տուգանքների վճարման համար։ Վարորդը պարտավոր է՝

  • ավտոմեքենան կայանել միայն թույլատրելի վայրերում
  • ավտոմեքենան թողնելիս՝ փակել դռները և բեռնախցիկը
  • միացնել հակաառևանգման համակարգը
  • ավտոմեքենայում չթողնել բանալիներն ու փաստաթղթերը
  • բանալիներն ու փաստաթղթերը պահել իր մշտական հսկողության ներքո

Ավտոմեքենայի առևանգման դեպքում Վարձակալը պարտավոր է վերադարձնել ավտոմեքենայի բանալիների և փաստաթղթերի բնօրինակները։
3.9. Տեխնիկական անսարքության հայտնաբերման դեպքում Վարորդը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Վարձատուին։ Եթե անսարքությունը, թերությունը կամ ավտոմեքենայի բաղկացուցիչ մասերի կորուստը տեղի է ունեցել Վարորդի մեղքով, նա պարտավոր է ամբողջությամբ հատուցել պատճառված վնասը։ Եթե անսարքությունը առաջացել է ոչ Վարորդի մեղքով, և ավտոմեքենայի հետագա շահագործումը դարձել է վտանգավոր, Վարձակալն իրավունք ունի պահանջել նույն դասի համարժեք ավտոմեքենայի փոխարինում։
3.10. ՃՏՊ-ի, ինչպես նաև ավտոմեքենայի (կամ դրա բաղկացուցիչ մասերի) կորստի կամ առևանգման դեպքում Վարորդը պարտավոր է՝

  • անհապաղ տեղեկացնել Վարձատուին և Ոստիկանությանը
  • չտեղափոխել ավտոմեքենան պատահարի վայրից մինչև անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը
  • աջակցել օրենքով սահմանված կարգով տեղեկանքների և արձանագրությունների կազմմանը և փոխանցել դրանք Վարձատուին

3.11. Եթե Վարձակալը կամ Վարորդը վնաս է պատճառել երրորդ անձանց կամ նրանց գույքին, այդ անձինք իրավունք չունեն պահանջներ ներկայացնելու Վարձատուին, և Վարձատուն նման պահանջների համար պատասխանատվություն չի կրում։ Համաձայն պարտադիր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի և/կամ ԿԱՍԿՈ պայմանագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, ապահովագրական ընկերությունն իրավասու է սուբրոգացիայի իրավունք իրականացնել բացառապես Վարձակալի կամ Վարորդի նկատմամբ։
3.12. Ապահովագրության պայմանների խախտման, ինչպես նաև Վարձակալի կամ Վարորդի գործողությունների կամ անգործության հետևանքով Վարձատուն պատասխանատվություն չի կրում, և ապահովագրական ընկերությունը իրավունք չունի Վարձատուից պահանջելու ապահովագրական հատուցման գումարի վերադարձ սուբրոգացիայի կարգով։

4. Վարձատուի իրավունքներն ու պարտականությունները

4.1. Եթե պատվերը ավտոմատ կերպով չի հաստատվել, ապա պատվերը ստանալուց հետո Վարձատուն պարտավորվում է հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում, կապ հաստատել Պատվիրատուի հետ, տեղեկացնել պատվերի կատարման հնարավորության մասին և հավաստի պատասխանել վարձակալությանը վերաբերող հարցերին։
4.2. Վարձատուն պարտավորվում է համաձայնեցված ժամկետում Պատվիրատուին տրամադրել ամրագրված ավտոմեքենան։ Եթե ամրագրված ավտոմեքենան ունի տեխնիկական անսարքություններ, Վարձատուն պարտավոր է տրամադրել նույն խմբի, նույն տեսակի և դասի կամ ավելի բարձր դասի այլ ավտոմեքենա, որի արժեքը չի գերազանցում ամրագրված ավտոմեքենայի արժեքը։
4.3. Եթե վարձակալության օրը Վարձատուն Պատվիրատուին չի տրամադրում 4.2 կետում նշված դասի ավտոմեքենա, Վարձատուն Պատվիրատուին վճարում է տուգանք՝ 1 օրվա վարձակալության արժեքի չափով։
4.4. Վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալված ավտոմեքենայում կորցրած, մոռացված կամ անհետացած անձնական իրերի, ինչպես նաև՝ ուղևորների առողջական խնդիրների համար։
4.5. Վարձակալության ժամկետի ընթացքում Վարձատուն ապահովում է ավտոմեքենայի տեխնիկական սպասարկումը, եթե դրա անհրաժեշտությունը առաջացել է ոչ Պատվիրատուի մեղքով, բացառությամբ առաջին անհրաժեշտության սպասարկման, ներառյալ՝

  • պահեստային անիվի փոխարինումը
  • ապակեմաքրիչ հեղուկի լիցքավորումը
  • լամպերի փոխարինումը 
  • նմանատիպ գործողությունները

4.6. Եթե պայմանագրի գործողության ընթացքում ավտոմեքենան շարքից դուրս է եկել ոչ Վարձակալի մեղքով, և դրա հետագա շահագործումը դարձել է վտանգավոր, Վարձատուն պարտավորվում է ողջամիտ ժամկետում, առանց Վարձակալին ավելորդ անհարմարություններ պատճառելու, վերացնել անսարքությունը կամ տրամադրել նույն խմբի, նույն տեսակի և դասի կամ ավելի բարձր դասի այլ ավտոմեքենա։
4.7. Վարձատուն պարտավորվում է Վարձակալին փոխանցել ավտոմեքենայի օրինական շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
4.8. Վարձակալության պայմանագրի որևէ պայմանի խախտման դեպքում Վարձատուն իրավունք ունի՝

  • հետ վերցնել ավտոմեքենան
  • միակողմանի լուծել պայմանագիրը
  • չվերադարձնել վճարված գումարները 
  • պահանջել պատճառված վնասի ամբողջական փոխհատուցում

Այդ դեպքում Վարձատուն նաև պատասխանատվություն չի կրում ավտոմեքենայում թողնված իրերի կորստի կամ վնասման համար։

5. Ավտոմեքենայի հանձնում, ընդունում և շահագործման կարգ

5.1. Վարձակալված ավտոմեքենաները թույլատրվում է շահագործել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Caravan Rent A Car-ի կողմից տրված հատուկ թույլտվության (լիազորագրի) առկայության դեպքում ավտոմեքենան կարող է օգտագործվել նաև Վրաստանի տարածքում՝ նվազագույնը 2 օր վարձակալության ժամկետով։
Ավտոմեքենաները տրամադրվում են առանց արտաքին գովազդի։ Վազքը անսահմանափակ է։
5.2. Փաստաթղթերի ձևակերպումը, ինչպես նաև ավտոմեքենայի հանձնումն ու ընդունումը կարող են իրականացվել Caravan Rent A Car-ի գրասենյակում կամ լրացուցիչ վճարի դիմաց Պատվիրատուի հետ համաձայնեցված այլ վայրում, ներառյալ օդանավակայանը, Երևանը և Երևանից դուրս գտնվող հասցեները։ Բոլոր դեպքերում հանձնման և ընդունման վայրը պետք է նախապես համաձայնեցվի Վարձատուի հետ։
Ավտոմեքենայի ընդունումը և վերադարձն իրականացվում է՝

  • ընկերության գրասենյակում — անվճար
  • Երևանի օդանավակայանում — 9 000 դրամ
  • Գյումրիի օդանավակայանում — 25 000 դրամ
  • Երևանի ցանկացած հասցեում — 4 000 դրամ
  • Երևանից դուրս — 150-500 դրամ յուրաքանչյուր 1 կմ-ի համար՝ կախված հեռավորությունից
  • Թբիլիսիի օդանավակայանում — 100 000 դրամ

5.3. Caravan Rent A Car-ի գրասենյակի աշխատանքային ժամերն են՝

  • երկուշաբթի–կիրակի, 09:00-ից 19:00

5.4. Ոչ աշխատանքային ժամերին ավտոմեքենայի հանձնումը կամ ընդունումը իրականացվում է հավելավճարով՝ 4 000 դրամ։
5.5. Ավտոմեքենան Վարձակալին հանձնվում է պատշաճ վիճակում՝ տեխնիկապես սարքին, մաքուր և որոշակի քանակի վառելիքով։ Ավտոմեքենայում անվճար տրամադրվում են՝

  • հովանոց
  • քարտեզ 
  • պահեստային անիվ
  • առաջին անհրաժեշտության գործիքներ
  • դեղատուփ
  • կրակմարիչ

Ձմեռային ժամանակահատվածում ավտոմեքենաները համալրվում են ձմեռային անվադողերով։
5.6. Վարձակալը պարտավոր է պահպանել ավտոմեքենայի շահագործման կանոնները և այն լիցքավորել պատշաճ որակի վառելիքով։
5.7. Վարձակալության ավարտին Վարձակալը պարտավոր է վերադարձնել ավտոմեքենան պատշաճ վիճակում՝ փաստաթղթերի, լրացուցիչ գործիքների և պարագաների հետ միասին։
5.8. Վերադարձնելիս՝ ավտոմեքենան պետք է լինիч

  • անվնաս
  • տեխնիկապես սարքին
  • մաքուր
  • նույն քանակի վառելիքով, որով այն հանձնվել է

Եթե ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը կամ դրա բաղկացուցիչ մասերի թերությունը կամ կորուստը տեղի է ունեցել Վարձակալի մեղքով, Վարձակալը պարտավոր է ամբողջությամբ հատուցել պատճառված վնասը։
5.9. Կեղտոտ վիճակում ավտոմեքենան վերադարձնելու դեպքում գանձվում է հավելավճար՝ 3 000 դրամ։
5.10. Ավելի քիչ վառելիքով ավտոմեքենան վերադարձնելու դեպքում գանձվում է սպասարկման վճար՝ բացակայող յուրաքանչյուր լիտրի համար վառելիքի շուկայական արժեքի չափով։
5.11. Ավտոմեքենան հանձնելիս և ընդունելիս՝ Վարձակալը Վարձատուի ներկայացուցչի հետ համատեղ կատարում է ավտոմեքենայի զննում և ստորագրում համապատասխան հանձնման-ընդունման ակտը, որը պայմանագրի անբաժանելի մասն է։ Հայտնաբերված բոլոր թերությունները գրանցվում են ակտում։ Մինչև վարձակալության սկիզբը Վարձակալը պարտավոր է Վարձատուին տեղեկացնել հայտնաբերված անսարքությունների կամ թերությունների մասին և ապահովել դրանց ներառումը ակտում։ Ավտոմեքենան ընդունելուց հետո Վարձակալը զրկվում է հանձնման պահին ակտում չնշված այլ թերություններին հղում կատարելու իրավունքից։
5.12. Հանձնման-ընդունման ակտը կազմվում է երկու օրինակով և պահվում է յուրաքանչյուր կողմի մոտ։ Այն հիմք է հանդիսանում ավտոմեքենայի թերությունների և վնասների զննման ու գնահատման համար։ Վարձակալը համաձայնում է, որ Վարձատուն իրավունք ունի որոշելու, թե ում մեղքով են առաջացել թերություններն ու վնասները։ Եթե Վարձակալը հրաժարվում է ավտոմեքենան վերադարձնելիս ստորագրել ակտը, Վարձատուն իրավունք ունի այն կազմել երկու վկաների ներկայությամբ և օգտագործել ըստ անհրաժեշտության։
5.13. Ավտոմեքենայի շահագործման ընթացքում արգելվում է տեղափոխել՝

  • դյուրավառ բեռներ
  • պայթուցիկ նյութեր
  • մաքսանենգ ապրանքներ
  • այլ վտանգավոր և օրենքով արգելված բեռներ

5.14. Արգելվում է ավտոմեքենան օգտագործել՝

  • մրցումներում
  • որպես քարշակ
  • արտաճանապարհային և ոչ սֆալտապատ ճանապարհներով երթևեկելու համար
  • որպես ուսումնական ավտոմեքենա
  • որպես տաքսի
  • բեռների առաքման և փոխադրման համար

5.15. Ավտոմեքենայի ինքնուրույն տեխնիկական վերանորոգումն արգելվում է, բացառությամբ առաջին անհրաժեշտության սպասարկման, ներառյալ՝

  • պահեստային անիվի փոխարինումը
  • ապակեմաքրիչ հեղուկի լիցքավորումը
  • լամպերի փոխարինումը
  • նմանատիպ գործողությունները

Լրացուցիչ մասերի տեղադրումը առանց համաձայնեցման նույնպես արգելվում է։

6. Վարձակալության ժամկետը և արժեքը

6.1. Վարձակալության նվազագույն ժամկետը կազմում է 1 օր։ Առավելագույն ժամկետը սահմանափակված չէ։ Վարձակալության սկիզբ է համարվում ավտոմեքենայի հանձնելու պահը, ավարտը՝ այն ընդունելու պահը։
6.2. Caravan Rent a Car ընկերությունում ավտոմեքենայի օրական վարձակալության արժեքը ձևավորվում է անհատապես և կախված է՝

  • ինչպես վարձակալության ընդհանուր տևողությունից
  • ընթացիկ զբոսաշրջային սեզոնից

Երկարաժամկետ վարձակալության և մշտական հաճախորդների համար գործում են հատուկ գներ։

6.3. Եթե վարձակալության ժամկետը, բացի լիարժեք օրերից, ներառում է նաև հավելյալ ժամեր,, արժեքը հաշվարկվում է հետևյալ կերպ՝

  • մինչև 3 ժամ — 1 օրվա վարձակալության արժեքի 25%
  • 3-ից 6 ժամ — 1 օրվա վարձակալության արժեքի 50%
  • 6 ժամից ավելի — 1 օրվա վարձակալության արժեքի 100%

6.4. Ավտոմեքենայի վարձակալության արժեքի մեջ ներառված են՝

  • տեխնիկական սպասարկումը
  • բոլոր պետական հարկերը
  • Երևանի հանրային ավտոկայանատեղիների տուրքերը (կարմիր գծեր)
  • ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրություն ֆրանշիզայով
  • ավտոմեքենայի փոխարինումը տեխնիկական սպասարկման ժամանակահատվածի համար
  • անսահմանափակ վազքը

6.5. Վարձակալության արժեքի մեջ ներառված չեն՝

  • վարորդի ծառայությունը
  • վառելիքը
  • ավտոլվացումը
  • ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները
  • լրացուցիչ ծառայությունները

6.6. Վարձակալության ընդհանուր գումարը բաղկացած է ավտոմեքենայի վարձակալության արժեքից և պատվիրված լրացուցիչ ծառայությունների արժեքից։ Վարձակալության ամբողջ արժեքը վճարվում է պայմանագիրը ստորագրելու պահին։ Եթե նախկինում կատարվել է կանխավճար, ապա պայմանագիրը ստորագրելիս, վճարվում է միայն մնացած գումարը։
6.7.Վճարումն ընդունվում է՝

  • կանխիկ — միայն հայկական դրամով (AMD)
  • անկանխիկ — բանկային քարտերով կամ բանկային փոխանցմամբ

Արտարժույթով անկանխիկ վճարման դեպքում կիրառվում է ՀՀ ԿԲ փոխարժեքը, որը կարող է տարբերվել կայքում նշված փոխարժեքից։ Բանկային քարտով վճարման դեպքում (ARCA, VISA, MasterCard, Maestro, AMEX, UnionPay) լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում։

6.8. Ավտոմեքենան համաձայնեցված ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում կատարվում է վերահաշվարկ՝ փաստացի օգտագործված օրերի և համապատասխան սակագնի հիման վրա։ Ընդ որում, անկախ վերադարձի ժամից, վերադարձի օրը և հաջորդ օրը նույնպես համարվում են ամբողջական վարձակալված օրեր։ Վերահաշվարկի արդյունքում ավել վճարված գումարը Վարձակալին վերադարձվում է միայն այն դեպքում, եթե նա Վարձատուին տեղեկացրել է վերադարձի մասին պայմանագրով սահմանված ժամկետից առնվազն 48 ժամ առաջ։ Ավելի ուշ ծանուցման դեպքում գումարի վերադարձ չի կատարվում։
6.9. Վարձակալության ժամկետը երկարացնելու համար Վարձակալը պարտավոր է նախապես տեղեկացնել Վարձատուին և Վարձատուի համաձայնության դեպքում ստորագրել վարձակալության երկարացման մասին համաձայնագիր։
6.10. Ավտոմեքենան սահմանված ժամկետից ուշ վերադարձնելու դեպքում, անկախ ուշացման պատճառներից, գանձվում է հավելավճար՝

  • մինչև 3 ժամ ուշացման դեպքում — 1 օրվա արժեքի 50%
  • 3-ից 6 ժամ ուշացման դեպքում — 1 օրվա արժեքի 100%
  • 6 ժամից ավելի ուշացման դեպքում — 1 օրվա արժեքի 200%

6.11. Վարձակալը պարտավոր է վճարել բոլոր լրացուցիչ ծախսերը և տուգանքները, որոնք Վարձատուի կողմից հաշվարկվել են ավտոմեքենան վերադարձնելու պահին՝ գործող սակագների համաձայն։ Այդպիսի ծախսերը ծածկելու համար Վարձակալը, պայմանագիրը ստորագրելիս, տրամադրում է գրավ, որից անհրաժեշտության դեպքում պահվում են ապահովագրությամբ չծածկվող կամ ապահովագրական դեպք չհամարվող ծախսերի գումարները։
6.12
. Եթե ավտոմեքենան չի վերադարձվել վարձակալության ժամկետի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում, Վարձատուն իրավունք ունի իրավիճակը գնահատել որպես առևանգում, առգրավել ավտոմեքենան ցանկացած վայրից՝ առանց Վարձակալին նախազգուշացնելու, կամ դիմել Ոստիկանություն՝ Վարձակալին պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այդ դեպքում ավտոմեքենայում թողնված իրերի համար պատասխանատվություն է կրում Վարձակալը։

7. Ավտոմեքենայի շահագործումը Վրաստանի տարածքում

7.1. Caravan Rent A Car-ի կողմից տրված հատուկ թույլտվության (լիազորագրի) առկայության դեպքում մեքենան կարող է շահագործվել նաև Վրաստանի տարածքում՝ վարձակալության նվազագույնը 2 օր ժամկետի դեպքում։ Վրաստան մեկնելու մտադրության մասին Վարձակալը պարտավոր է տեղեկացնել Վարձատուին առնվազն 1-2 աշխատանքային օր առաջ՝ կապված նոտարական գրասենյակի աշխատանքային ժամերի հետ։
7.2. Վրաստանի տարածքում մեքենան շահագործելու համար Վարձատուն մեքենան տրամադրելիս Վարձակալի անունով ձևակերպում է.

  • ԱՊՊԱ (TPL)
  • ԿԱՍԿՈ (CDW)
  • Նոտարական լիազորագիր սահմանը հատելու համար

Գործողության ժամկետը՝ մինչև 15 օր։
Ձևակերպման արժեքը կազմում է 30 000 դրամ (ներառում է բոլոր նշված փաստաթղթերը)։
7.3. Եթե Վարձակալը տեղաշարժվել է Վրաստանի տարածքում առանց պարտադիր ԱՊՊԱ-ի, նա կրում է լիակատար պատասխանատվություն պատահարի համար, ներառյալ ԱՊՊԱ-ի բացակայության համար տուգանքները, վնասը, կորուստը, հափշտակությունը, հրդեհը և այլ հետևանքներ, ինչպես նաև պարտավոր է հատուցել երրորդ անձանց, նրանց գույքին, առողջությանը և վարձակալված մեքենայի ուղևորներին պատճառված վնասը։
7.4. Վրաստանի տարածքում մեքենան շահագործելիս գրավը տրամադրվում է միայն բանկային քարտով՝ տեսախցիկների և լուսանկարող սարքերի կողմից արձանագրված վարչական իրավախախտումների տուգանքների հետագա հնարավոր գանձման համար։
Գանձումն իրականացվում է վարչական տուգանքի ընդհանուր գումարի 10% հավելավճարով։
Եթե Վարձակալը ձեռք է բերել «Ամբողջական ԿԱՍԿՈ՝ զրոյական ֆրանշիզայով» ապահովագրական փաթեթը, ապա բավարար է Վարձակալի համաձայնությունը՝ անհրաժեշտության դեպքում բանկային քարտից միջոցներ գանձելու վերաբերյալ։
7.5. Վարձատուն իրավունք ունի Վարձակալին մատուցել տրանսպորտային միջոցի մատուցման և/կամ վերադարձի լրացուցիչ ծառայություն Վրաստանի տարածքում՝ Կողմերի միջև նախնական համաձայնության և դրա մատուցման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում։
Պայմանները և արժեքը.

  • ք. Թբիլիսի — 100 000 դրամ (ներառյալ Թբիլիսիի օդանավակայանը)
  • Վրաստանի այլ բնակավայրեր (Բաթումի, Քութայիսի և այլն) — նախնական հարցման համաձայն. արժեքը որոշվում է համաձայնությամբ

Ծառայության արժեքը ներառում է.

  • Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանը հատելու իրավունքի նոտարական լիազորագրի ձևակերպում
  • Վրաստանի տարածքում գործող ապահովագրական պոլիսի ձևակերպում

Ձևակերպման կարգը.

  • վարձակալը պարտավոր է տեղեկացնել Վարձատուին վարձակալության մեկնարկից ոչ ուշ, քան 1-2 (մեկ-երկու) աշխատանքային օր առաջ
  • նշված ժամկետը չպահպանելու դեպքում Վարձատուն չի երաշխավորում ծառայության մատուցման հնարավորությունը

Վճարման կարգը.

  • Վրաստանի տարածքում վճարումն իրականացվում է բացառապես կանխիկ դրամական միջոցներով, եթե այլ բան լրացուցիչ համաձայնեցված չէ

8. Ապահովագրություն, գրավ և պատասխանատվություն վնասի կամ կորստի դեպքում

8.1. Մեքենայի վարձակալության արժեքը ներառում է ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 150 000 դրամ չհատուցվող գումարով (ֆրանշիզա):
8.2. ԱՊՊԱ ապահովագրությունը ծածկում է մեքենայի շահագործման ընթացքում երրորդ անձանց և նրանց գույքին պատճառված վնասը: Հայաստանի տարածքում հատուցումը կազմում է.

  • անձնական վնաս (առողջությանը պատճառված վնաս, կորցրած աշխատավարձ/եկամուտ, ինչպես նաև տուժողի մահ) — մինչև 3 000 000 դրամ մեկ ապահովագրական պատահարի համար.
  • տուժողի գույքին պատճառված վնաս — մինչև 1 800 000 դրամ:

8.3. ԿԱՍԿՈ ապահովագրությունը ծածկում է մեքենայի վնասը, ինչպես նաև Վարորդին պատճառված վնասը ՃՏՊ-ի, հրդեհի, հափշտակության և այլ ապահովագրական պատահարների դեպքում՝ հետևյալ սահմաններում.

  • վարորդին պատճառված անձնական վնաս — մինչև 3 000 000 դրամ
  • մեքենայի վնաս — ամբողջ ծավալով՝ համաձայն ապահովագրության պայմանների, բացառությամբ չհատուցվող գումարի (ֆրանշիզայի)

8.4. Ֆրանշիզա (չհատուցվող գումար) — այն գումարն է, որը Վարձակալը վճարում է ինքնուրույն՝ ԿԱՍԿՈ ապահովագրությամբ մեքենայի վնասվելու կամ հափշտակության դեպքում: Ֆրանշիզայի չափը սահմանվում է պայմանագրով և կարող է նվազեցվել հավելյալ վճարի դիմաց:
8.5. Վարձակալությունը նախատեսում է երեք ապահովագրական փաթեթ՝ ըստ ընտրության.

  • Ամբողջական ԿԱՍԿՈ՝ 150 000 դրամ ֆրանշիզայով: Այս փաթեթի դեպքում անհրաժեշտ է թողնել ֆրանշիզայի գումարին համարժեք գրավ:
  • Ամբողջական ԿԱՍԿՈ՝ նվազեցված 70 000 դրամ ֆրանշիզայով: Այս փաթեթը նախատեսում է օրական 5 000 դրամ հավելյալ վճար, որը ենթակա չէ վերադարձման որևէ հանգամանքում: Այս փաթեթի դեպքում անհրաժեշտ է թողնել ֆրանշիզայի գումարին համարժեք գրավ:
  • Ամբողջական ԿԱՍԿՈ՝ զրոյական ֆրանշիզայով: Այս փաթեթը նախատեսում է օրական 8 000 դրամ հավելյալ վճար, որը ենթակա չէ վերադարձման որևէ հանգամանքում: Այս փաթեթի դեպքում գրավ չի գանձվում:

⚠️ Ուշադրություն. Նույնիսկ զրոյական ֆրանշիզայով ամբողջական ԿԱՍԿՈ-ն չի ազատում կանոնների պահպանումից: Ապահովագրական պայմանների կամ պայմանագրի դրույթների լուրջ խախտումների դեպքում ապահովագրական ծածկույթը կարող է ճանաչվել անվավեր:

8.6. Գրավի վճարումն ընդունվում է.

  • կանխիկ — միայն հայկական դրամով (AMD)
  • անկանխիկ — բանկային քարտերով կամ բանկային փոխանցմամբ

Գրավի սառեցման դեպքում անհրաժեշտ է տրամադրել նույն բանկային քարտի տվյալները՝ համարը և վավերականության ժամկետը:
8.7. Եթե մեքենան վերադարձվում է ժամանակին և պատշաճ վիճակում, գրավի գումարը ամբողջությամբ վերադարձվում է Վարձակալին.

  • կանխիկ — անմիջապես մեքենան վերադարձնելիս
  • քարտով — ավտոմատ կերպով 30–40 օրվա ընթացքում

Լրացուցիչ ծախսերի հայտնաբերման դեպքում, որոնք չեն գերազանցում գրավի գումարը, դրանք պահվում են գրավից, իսկ մնացորդը վերադարձվում է Վարձակալին: Եթե լրացուցիչ ծախսերը գերազանցում են գրավը, այն չի վերադարձվում, իսկ չհատուցված մասը ենթակա է հավելյալ վճարման Վարձակալի կողմից:
8.8. Սույն պայմանագրի պայմանների պահպանման դեպքում Վարձակալը էապես սահմանափակում է իր ֆինանսական պատասխանատվությունը՝ պայմանով, որ ժամանակին տեղեկացնի Վարձատուին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Ոստիկանությանը:
8.9. Ցանկացած պատահարի, կորստի կամ վնասի դեպքում Վարձակալը պարտավոր է ներկայացնել լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրություն, ինչպես նաև բավարար տեղեկություններ պատահարի այլ մասնակիցների և վնասի բնույթի վերաբերյալ: Վարձակալը որևէ հանգամանքում չպետք է ընդունի երրորդ անձանց պահանջներն առանց պատշաճ ձևակերպման:
8.10. Եթե Վարձակալը պահպանել է ճանապարհային երթևեկության կանոնները և սույն պայմանագրի դրույթները, ներառյալ ապահովագրական պայմանները, ապա պատահարի դեպքում նրա պատասխանատվությունը մեքենայի և ուղևորների հանդեպ սահմանափակվում է ֆրանշիզայի գումարով, մասնավորապես.

  • եթե մեղավոր կողմը Վարձակալն է կամ մեղավոր կողմը բացակայում է — պատասխանատվությունը սահմանափակվում է ֆրանշիզայի գումարով
  • եթե պատահարը տեղի է ունեցել ոչ Վարձակալի մեղքով և մեղավոր կողմը պարզված է — գրավի գումարը վերադարձվում է ամբողջությամբ
  • մեքենայի մասերի կորստի, վնասման, ինչպես նաև հափշտակության (մեքենայի բանալիների և տեխնիկական անձնագրի առկայության դեպքում) և հրդեհի դեպքում Վարձակալի պատասխանատվությունը նույնպես սահմանափակվում է ֆրանշիզայի գումարով

8.11. Եթե Վարձակալը խախտել է երթևեկության կանոնները կամ սույն պայմանագրի որևէ դրույթ, նա կրում է լիակատար պատասխանատվություն պատահարի, վնասի, կորստի, հափշտակության, հրդեհի և այլ հետևանքների համար և պարտավոր է հատուցել մեքենային, ուղևորներին, Վարձատուին և երրորդ անձանց պատճառված բոլոր վնասները:
8.12. Եթե ապահովագրական ընկերությունը մասնակի է հատուցել կամ ամբողջությամբ մերժել է վարձակալված մեքենայի կամ երրորդ անձանց, նրանց գույքին, առողջությանը կամ ուղևորներին պատճառված վնասի հատուցումը, և նման մերժումը պայմանավորված է Վարձակալի գործողություններով կամ անգործությամբ, ապա վնասի հատուցման պարտականությունը կրում է Վարձակալը:

9. Լրացուցիչ ծառայություններ

9.1. Ավտոմեքենայի վարձակալության դեպքում հասանելի են հետևյալ լրացուցիչ ծառայությունները՝

  • մանկական նստատեղ — 4 000 դրամ/օր, սակայն ոչ ավելի, քան 20 000 դրամ ամբողջ վարձակալության ժամանակահատվածի համար
  • նավիգատոր — 3 000 դրամ/օր, սակայն ոչ ավելի, քան 15 000 դրամ ամբողջ վարձակալության ժամանակահատվածի համար
  • վարորդի ծառայություն առանց գիշերակացի — 15 000 դրամ/օր (առավելագույնը 8-10 աշխատանքային ժամ)
  • անլար ինտերնետ — 2 000 դրամ/օր
  • լրացուցիչ վարորդ — 2 000 դրամ/օր յուրաքանչյուր վարորդի համար, սակայն ոչ ավելի, քան 10 000 դրամ ամբողջ վարձակալության ժամանակահատվածի համար յուրաքանչյուր լրացուցիչ վարորդի համար

9.2. Այս էջում նշված վարձակալության բոլոր պայմաններն ու պարտավորությունները կիրառվում են նաև լրացուցիչ ծառայությունների նկատմամբ։

10. Անհաղթահարելի ուժի հանգամանքներ

10.1. Կողմերն ազատվում են պարտավորությունները կատարելու ամբողջական կամ մասնակի պատասխանատվությունից՝ պայմանավորված անհաղթահարելի ուժի հանգամանքներով, ներառյա՝լ

  • երկրաշարժը
  • ջրհեղեղը
  • պատերազմը
  • կապի միջոցների աշխատանքի դադարեցումը
  • այլ հանգամանքները, որոնք կախված չեն կողմերի կամքից